Այս տարվա սկզբին ճապոնացի միապետը սրտի ծանր վիրահատություն տարավ և ստիպված եղավ մի քանի ամսով իր պարտականությունները փոխանցել թագաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Ակիհիտոյի ծննդյան` 79-ամյակի նախօրեին, կայսրը պատմել է, որ ոչ հասարակ վիրահատությունը կատարվել է ոչ թե առողջական վիճակի սրացման պատճառով, այլ դրդված իր այն ցանկությունից, որ ինքը կարողանա պարտադիր այցելել 2011-ի մարտի 11-ի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես ցանկություն էի հայտնել պարտադիր այցելել այդ արարողությանը: Վիրահատությունն անցկացվել է դրանից ելնելով»,- ասել է կայսրը:
Միապետը վիրահատվել է մարտի 4-ին, իսկ արդեն մեկ շաբաթ անց մասնակցել է միջոցառումներին:
Ակիհիտոն հայտնել է, որ չնայած տարիքին` նա կցանկանար շարունակել իր պաշտոնական պարտականությունները՝ հիշեցնելով, որ իր հայրը պարտականությունները շարունակել է կատարել 80 տարեկանից հետո ևս: Նա, սակայն, վստահություն է հայտնել, որ իր գահաժառանգ որդին և նրա եղբայրը՝ Ակիսինոն, կկարողանան իրեն փոխարինել, եթե հանկարծ իր առողջական վիճակը վատթարանա:
Նա հատուկ ջերմությամբ է արտահայտվել իր կնոջ՝ կայսրուհի Միտիկոյի հասցեին, որը նրան վիրահատությունից հետո այցելել է ամեն օր՝ իրեն տալով ուժ և հոգևոր հանգստություն:
Որպես այս տարվա լավագույն իրադարձություններ կայսրը նշել է ճապոնացի մարզիկների ելույթը` Լոնդոնում ամռանը կայացած Օլիմպիական և Պարաօլիմպիական խաղերին, ինչպես նաև բժշկության ոլորտում ճապոնացի գիտնական Սինյա Յամանակային շնորհված Նոբելյան մրցանակը:







































