«Իսլամական պետություն»-ը նոր՝ երրորդ տեսագրությունն է հրապարակել, որում բրիտանացի գերեվարված լրագրող Ջոն Քենթլին գրոհայինների անունից քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նախկին ռազմական լուսանկարիչը դատապարտել է Արևմուտքի ծրագրերը՝ «Իսմալական պետության» գրոհայինների դեմ օգտագործել իրաքյան զորքերը և սիրիական ապստամբներին:
«Իրաքյան բանակի ուսուցումն ամիսներ կտևի, իսկ Սիրիական ազատ բանակի ուժերը կարգապահ չեն, կոռումպացված են և միանգամայն անարդյունավետ ռազմական ուժեր են»,- ասել է նարնջագույն հագուստով լրագրողը:
Նրա խոսքերով՝ Արևմուտքի կողմից սիրիական ապստամբներին զինելն անիմաստ է, քանի որ «նրանք այդ զենքերը կվաճառեն սև շուկայում, և վերջին հաշվով այն կհայտնվի «Իսլամական պետության» զինվորների ձեռքում»:
Քենթլին նաև հերթական անգամ նշել է, որ բրիտանական կառավարությունը լքել է իրեն:









































