Այսօր Ապարանում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի քավորությամբ նոր խաչ ավելացավ Սուրբ խաչ և Հույսի խորան կառույց-հուշարձանին, մասնակցում էր նաև ԲՀԿ-ական գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը:
Ինչպես հայտնի է՝ այսօր ԲՀԿ-ն Սյունիքի մարզում 2 հանրահավաք է կազմակերպում: ԲՀԿ ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ինչու է գերադասել իշխանության ներկայացուցիչների հետ «Նիգ Ապարանի» միջոցառումը, երբ ԲՀԿ-ն այսօր ընդդիմադիր կուսակցությունների հետ հանրահավաքներ է անում: ԲՀԿ-ականը հակադարձեց. «Մի՛ աշխատեք այսօրվա սուրբ օրը կուսակցություններ խառնել, լավ բան չի»:
Գոհար Ենոքյանը նաև հավելեց, որ եկել է աղոթելու իր ազգի բարգավաճման համար: «Ես եկել եմ որպես «Նիգ Ապարանի» մասնակից, որպես անդամ: Բոլոր միջոցառումներին մասնակցում եմ և գտնում եմ, որ հպարտություն է դա»,-ասաց նա:
Դիտեք տեսանյութը:








































