Շուտով ի հայտ կգա ջրի վրա աշխատող լիցքավորիչ սարքավորում: Kickstarter ծառայությունում մեկնարկել է գումարահավաք Hydrobee սարքավորման համար, հաղորդում է TechCrunch-ը:
Hydrobee-ի յուրահատկությունն այն է, որ սմարթֆոնը կամ պլանշետը լիցքավորելիս օգտագործվում է ջրային հոսքի էներգիան: Նշվում է, որ սարքավորումը կթողարկվի, եթե հավաքվի 48 հազար դոլար գումար:
Hydrobee-ն բաղկացած է երկու մոդուլներից` Turbine Battery և Stream Body: Առաջին մոդուլը գործում է հոսող ջրի միջոցով լիցքավորելիս` դրվելով ծորակի կամ ռետինե խողովակի վրա: Այն ներառում է հիդրոգեներատոր և մարտկոցային հատված, որտեղ կուտակվում է լիցքը:
Առաջին մոդուլը կարելի է դնել երկրորդ մոդուլի վրա, որը սեփական մարտկոց չունի: Երկրորդ մոդուլը կիրառելի է բաց ջրում, որտեղ ջրային հոսանք կա: Մարտկոցի լիցքավորման ժամանակը կախված է հոսանքի արագությունից:












































