ԱՄՆ-ը հայտարարել է իր պատժամիջոցային «սև ցուցակներում» ահաբեկչությանը նպաստելու կասկածանքով ավելի քան երկու տասնյակ մարդկանց ներառման մասին, որոնց թվում են ծագումով Վրաստանից Տարխան Բատիրաշվիլին և Մուրադ Մարգոշվիլին: Բացի այդ, պատժամիջոցների ներքո է հայտնվել «Ջեյշ Ալ-Մուհաջիրի վալ-Անսար» խմբավորումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բատիրաշվիլիի դեմ պատժամիջոցների մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, Մարգոշվիլիի դեմ՝ Պետդեպը: Ընդհանուր առմամբ ամերիկյան ֆինանսական գերատեսչության նոր «սև ցուցակում» կա 11 մարդ, իսկ արտաքին քաղաքական գերատեսչության ցուցակում՝ 10:
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ միջոցառումներն ընդունվում են ահաբեկչության դեմ պայքարի նախաձեռնությունների զարգացման համար, որոնցով չորեքշաբթի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:









































