Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը ոստիկանության պետը հարկ է համարել անդրադառնալ մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործառույթների իրականացման վրա: «Ծեծով, ջարդով բացահայտումներ չեն լինում: Երբ ուժ ես կիրառում հանցագործությունը բացահայտելու համար, ուրեմն անխելք ես, տկարամիտ, ուղղակի մասնագետ չես, այլ «մսագործ»: Ցավոք, նման երևույթներ մենք դեռ ունենք: Եթե հանցագործությունը ծեծով պետք է բացահայտվի, թող չբացահայտվի: Այդ «մսագործությունը» պետք է կատեգորիկ արգելել համակարգում: Ուժով ցուցմունք կորզելը չարդարացնող և մարդկային ոչ մի հատկություն պարունակող երևույթ է»,- նշել է ոստիկանապետը:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին՝ Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է. որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է օրախնդիր մի շարք այլ հարցերի ևս ու կոնկրետ հանձնարարականներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին:








































