Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ երկրի ուղեղային կենտրոններից մեկում տեղի ունեցած կոնֆերանսից հետո անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին.
«Թուրքիան երբեք չի սկսի աղաչել՝ ԵՄ-ին անդամակցելու համար: Հունական Կիպրոսի ղեկավարությունը խանգարում է Թուրքիայի անդամակցությանը: Նրանք կարծում են, թե Թուրքիան կթուլանա և կսկսի աղաչել՝ ԵՄ-ի անդամ դառնալու համար: Մենք չենք պատրաստվում ոչ ոքի աղաչել:
Եթե հունական կողմը դեռևս 2004 թվականին ցուցաբերեր խաղաղասիրություն, ապա ներկայումս օրակարգում չէին գտնվի տվյալ հարցերը, մեզ հետ կխոսեր ԵՄ-ի լիիրավ անդամ, միավորված Կիպրոսը, կղզում չէին գտնվի թուրք զինվորներ, Թուրքիայի ու Կիպրոսի միջև կապահովվեր լիովին տնտեսական ինտեգրում:
Դրանից ամենաշատը կօգտվեին հույները և այսօր չէին բախվի տնտեսական ճգնաժամի, քանի որ կկարողանային օգտվել Թուրքիայի հզոր էներգոպոտենցիալից»:







































