«Ես ասել եմ, որ վերջին շրջանում մեծ վերապահում ունեմ Մինսկի խմբի համանախագահների զեկույցների փիլիսոփայության նկատմամբ, դրանք ներկայացնելու ոճի նկատմամբ:
Համանախագահները անընդհատ փորձում են համահարթեցման նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև և փորձում են իրենց ձևակերպումներում լինել շատ դիվանագետ և շատ ընդհանրական, ինչը այս դեպքում չի բխում բանակցային գործընթացի շահերից»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ համանախագահների հոկտեմբերին կատարած դաշտային առաքելությունն ամփոփող վերջին զեկույցին` կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նշեց, որ իր համար անընդունելի է «օկուպացված տարածքներ» ձևակերպումը. «Ում համար տարածքները օկուպացված են, ում համար էլ ազատագրված: Եթե ԵԱՀԿ գործող նախագահը իմ առաջարկին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարություններում հասցեական լինեն և գործուն քայլերով դատապարտեն Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերը, պատասխանում է, թե շատ լուրջ բանակցություններ են ընթանում և ձևակերպումներում պետք է շատ լուրջ լինել, ապա նույն հորդորը նա պետք է աներ ՄԽ համանախագահներին, որպեսզի վերջիններս իրենց ձևակերպումներում զերծ մնան «օկուպացված տարածքներ» ձևակերպումներից»:
Պատգամավորի խոսքերով, քանի դեռ համանախագահները չեն լինի հասցեական և չեն նշի կոնկրետ մեղավորին, ապա այդ գործելաոճը չի կարող դրական լիցք հաղորդել բանակցային ընթացքին. «Մենք հասել ենք բանակցային այնպիսի մի հանգրվանի, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով»:
Զոհրաբյանը անկարևոր համարեց այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարող է օգտվել համանախագահների հրապարակած զեկույցում տարածքների անմխիթար վիճակի վերաբերյալ դրույթից: Նրա կարծիքով, մեզ համար կարևորը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը.
«Ժամանակն է, որ ԵԱՀԿ համանախագահները մի քիչ ավելի վճռական և գործուն լինեն իրենց քայլերում: Պետք չէ անընդհատ փորձել շատ ավելի դիվանագետ լինել, քան պահանջում է պահի և գործընթացի կարևորությունը: Եթե համանախագահները հստակ արձագանքեն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ապա դրանից շահելու է միայն բանակցային գործընթացը: Ի վերջո, պետք չէ մտածել, որ Ադրբեջանն այնքան զորեղ է, որ կարող է արհամարհել միջազգային հանրության կարծիքը: Վստահ եմ` նրանց գործուն գնահատականների առկայության դեպքում Ադրբեջանը վախեցած կատվի նման սսկվելու է»:








































