Վենետիկի նավահանգստի աշխատակիցները 60х30 չափի սովորական ճամպրուկի մեջ հայտնաբերել են հինգամյա երեխայի, ում փորձել են Աֆղանստանից Գերմանիա տեղափոխել։ Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera հրատարակությունը:
Ասիմ անունով տղան հայտնաբերվել է Հունաստանից Իտալիա ժամանած լաստանավի ուղևորների ճամպրուկների սովորական ստուգման ժամանակ: «Գտնվելով ճամպրուկի մեջ՝ նա ոչ լաց էր լինում, ոչ էլ դողում էր վախից։ Ճամպրուկի տերը սկզբում ներկայացավ որպես երեխայի հայր, ապա՝ հորեղբայր»,– նշում է հրատարակությունը։
Իտալիայի իրավապահ մարմինները որոշել են Աֆղանստանի 40-ամյա գործազուրկ տղամարդուն տնային կալանքի տակ պահել՝ մեղադրելով նրան ծանր հանգամանքների ուղեկցությամբ անօրինական ներգաղթին մասնակցելու մեջ։
Ներկա պահին երեխային հանձնել են Վենետիկի ընտանիքներից մեկին, որտեղ նա կմնա այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունները որոշում կայացնեն այս բարդ դեպքի վերաբերյալ:










































