«Ընտրությունը պետք է կատարվի գաղափարների միջև։ Անհայտ մարդիկ, որ պայքարում են լիբերալ գաղափարներով, դա ձևական է, բոլորն էլ նույն աթոռի մասին են խոսում: Մենք խոսում ենք սոցիալիզմի մասին»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Ռոբերտ Ահարոնյանը: «Ես համոզված եմ, որ սոցիալիզմի գաղափարախոսությունը ավելի հզոր է, հաղթող է Հայաստանում: ՀՀԿ-ն կապիտալիզմ է քարոզում և հաղթում է ոչ թե ինքը, այլ հնարավոր ծախսած գումարները»,- ասել է թեկնածուն՝ կոչ անելով ՀՀԿ-ին ընտրությունների ժամանակ ծախսելիք գումարի 50 տոկոսը հատկացնել իրեն, և ինքը կհաղթի: «Ես համոզված եմ, որ պետք է ֆինանսավորեն, որ ապացուցեն ինձ և ժողովրդին, թե սոցիալիզմը Հայաստանում չի կարող լինել: Մեր բանաձևը 70 տարվա Սովետական Միությունն է՝ արդար, նորմալ տնտեսություն, որտեղ 51 տոկոսը պետք է լինի պետության հսկողության տակ, մանր ու միջին բիզնեսն ազատվի հարկերից, խոշոր բիզնեսը կրկնակի տա»,- ծրագրային դրույթներն է մեկնաբանել նախագահի թեկնածուն:
Արձագանքելով այն դիտարկմանը, թե ՀԿԿ-ն էլ է սոցիալիզմ քարոզում, Ռոբերտ Ահարոնյանն ասել է. «Ես չէի ուզի խոսել կոմունիստների մասին: Հարց է, թե ով է իրականացնում կոմունիստական գաղափարները: Կոմկուսի ղեկավարը, որ մինչև 2001 թվականը ընդհանրապես չի մոտեցել կոմկուսին, պետք է երկու ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո հրաժարական տար և գնար»: Այնուհանդերձ, բանախոսն ասել է, որ պատրաստ է նստել նրանց հետ կլոր սեղանի շուրջ և եթե համոզվի, որ Ռուբեն Թովմասյանն ավելի լավ նախագահ կարող է լինել՝ կհանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է սոցիալիստ Դաշնակցությանը, ապա վերջինս, ըստ Ահարոնյանի, 7 տարի եղել է կառավարության մեջ և կառուցել է կապիտալիստական Հայաստան:
Նախագահի թեկնածուն նաև նշել է, որ եթե տեսնի սոցիալիզմը չի հաղթում, կընտրի չարյաց փոքրագույնը և կկանգնի Սերժ Սարգսյանի կողքին: «Սերժ Սարգսյանը, մեր տեսակետով, տանում է դեպի մեր գործընկերը՝ Ռուսաստան: Սոցիալիստական գաղափար ունեցող բոլոր ուժերի շարժման կետը դեպի Ռուսաստան է: Հայաստանի փրկությունը, ես կարծում եմ, Ռուսաստանի հետ է կապված»,- ասել է Ռոբերտ Ահարոնյանը:







































