«Թքած, պուճուր-մուճուր հայտարարությունները չեն ազդի մեր տրամադրության վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյոք հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքից առաջ, ելնելով ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարություններից, չե՞ն կարծում, որ իշխանությունները լավ պատրաստված են, և գուցե Մարտի 1-ի դեպքերը կրկնվեն:
Արամ Մանուկյանն ասաց, որ հանրահավաքը նոր հզոր փուլի մեկնարկ է լինելու. «Զգում ենք՝ ճիշտ պուլսի վրա ենք, ժողովուրդը կատաղած է, իշխանությունը թույլիկ»:
Հետաքրքիրն այն է, որ Արամ Մանուկյանն այդպես էլ չասաց՝ հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալու է, թե ոչ: Ասաց, որ ամեն ինչ միշտ ինքնաբուխ տեղում են որոշում, կախված է նաև, թե մինչ այդ ինչպիսի հայտարարություններ կլինեն, ինչպես նաև ժողովրդից:
Արամ Մանուկյանը նաև ասաց, որ այդ օրը արտաքին վեկտորի, կողմնորոշման վերաբերյալ քննարկում չի լինելու, իշխանափոխության և արդար ընտրությունների հարցն է քննարկվելու:








































