Ամերիկյան ուժերը Աֆղանստանի տարածքների վերահսկողությունը կփոխանցեն աֆղանական բանակին և անվտանգության ծառայություններին, սակայն երկրից դուրս չեն գան: ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը այնտեղից դուրս կբերվեն 2014 թվականի վերջին, ինչպես ծրագրված է, սակայն ԱՄՆ-ն այնտեղ կթողնի իր ռազմական խորհրդատուներին և հրահանգիչներին, որոնք կշարունակեն ուսուցումն ու աֆղան զինծառայողների պատրաստումը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում:
«Մենք այնտեղ կայուն ներկայություն կպահպանենք՝ ուղղված աֆղանական զինված ուժերի աջակցմանն ու մեր առաքելության հաջողության ապահովմանը՝ թույլ չտալու համար «Ալ-Քաիդա»-ին Աֆղանստանը կրկին ապաստան դարձնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա հարձակումների համար»,- ասել է Պանետան:
Նա վստահություն է հայտնել, որ Աֆղանստանի զինված ուժերի ստեղծումն ընթանում է ըստ պլանի, և երկու տարուց նրանք ի վիճակի կլինեն ողջ երկրում ինքնուրույն ապահովել անվտանգությունը: Պանետայի խոսքով՝ այժմ նրանք վերահսկում են տարածքը, որտեղ բնակվում է աֆղան բնակչության 75 տոկոսը, իսկ ահա հաջորդ տարի այն կդառնա 100 տոկոս: Պանետան նշել է, որ բռնության մակարդակն Աֆղանստանում զգալիորեն իջել է, և վերջին տարում թալիբները չեն կարողացել հետ գրավել նրանցից խլած տարածքի և ոչ մի մաս:
Պանետան շուտով պաշտոնաթող կլինի, և Աֆղանստանից զորքերի դուրս բերումը կիրականացնի այլ նախարար: Օբաման օրերս կհայտարարի այդ պաշտոնում հավանական թեկնածուի անունը: Սպասվում է, որ նոր նախարար կդառնա նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելը, որը Կոնգրեսի վերին պալատում է աշխատել 1997-2008 թթ. և այժմ Ջորջթաունի համալսարանին կից դիվանագիտական դպրոցի պրոֆեսոր է: 66-ամյա Հեյգելը վայելում է ոչ միայն իր կուսակից ընկերների, այլև դեմոկրատների աջակցությունը: Ի դեպ, նա Վիետնամական պատերազմի վետերան է:







































