Այսօր Էթիկայի հանձնաժողովում տեղերի վերաբաշխման վերաբերյալ կայացած խորհրդակցություններն անարդյունք են ավարտվել, և ԱԺ ընդդիմադիրներն ու մեծամասնությունը համաձայնության չեն եկել: Ինչպես Աժ արտահերթ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրենք մի քանի առաջարկ էին ներկայացրել՝ ռոտացիոն կարգով բոլոր խմբակցություններն իրավունք ունենային նախագահել հանձնաժողովում, 6 ներկայացուցչից 5-ի կողմ քվերակության դեպքում որոշումն ընդունված համարել, քանի որ հարցեր կան, որ չեն կարող կոնսենսուս պահանջել:
«ՀՀԿ-ն պնդում է, որ իրենք ներկա քաղաքական իրողություններն են ներկայացնում, բայց տեղի է ունցել հակառակը, և էթիկայի հանձնաժողովը քաղաքականացվում է, և այլևս հանձնաժողովի արդյունավետության մասին խոսել հնարավոր չէ: Եվս մեկ անգամ Աժ-ն հարված է ստանում, և ժողովրդավարական ծիլերը ոչնչացվում են»,- հայտարարեց Ա. Մինասյանը և առաջարկեց ընդդիմադիրներին՝ քննարկել նման հանձնաժողովում իրենց մասնակցության հարցը. «Ներկայացված ձևակերպումները ձախողելու են հանձնաժողովի աշխատանքը: Խաղի կանոններն ընթացքում չեն փոխում»:
Ըստ Ա. Մինասյանի՝ ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստը ՀՀԿ-ականներին բոյկոտելու հարցի քննության քաղաքական նշույլ անգամ չէր պարունակում իր մեջ, և քաղաքական հաշվեհարդարի մասին խոսք լինել չի կարող:










































