Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հիվանդանոցը, որը դեղամիջոցների կարիք ունի, օրական ընդունում է 70-100 վիրավոր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները:
ԱՀԿ փորձագետներն անցած շաբաթ այցելել են Դամասկոսի բժշկական հաստատություն: Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ աճող բռնությունից գնալով ավելի շատ տուժում են խաղաղ բանկիչներ, ինչի հետևանքով վիրավորվածների թվում հայտնվում են նաև կանայք և երեխաներ:
«Շարունակվող հակամարտության պատճառով խափանվել է հիվանդանոցի դեղորայքային մատակարարումը ինպես ներքին, այնպես էլ արտասահմանյան շուկայից »,-ընդգծել են ԱՀԿ փորձագետները: Մասնավորապես, հիվանդանոցն ունի ազոտի օքսիդի պակաս, որը Սիրիայում սովորաբար կիրառվում է ցավազրկման համար, ինչի հետևանքով բժիշկները ստիպված են լինում դիմել «այլընտրանքային միջոցների»:
ԱՀԿ մամլո քարտուղար Տարիկ Ժասարևիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ խոսքը մայրաքաղաքային մեկ հիվանդանոցի մասին է: Նա չի կարողացել ասել, թե Դամասկոսում քանի հիվանդանոց է գործում: Նրա տվյալներով` Սիրիայի 88 պետական հիվանդանոցներից 44-ը վնասվել է, իսկ 23-ը լիովին ավերվել են:







































