Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ընդդիմությունն է առավել շահագրգիռ էթիկայի հանձնաժողովի գոյությամբ, քան իշխանությունը:
Այսօր Աժ արտահերթ նիստում էթիկայի հանձնաժողովում տեղերի վերաբաշխման մասին օրինագծի քննարկման ժամանակ Արզումանյանը տեսակետ հայտնեց, թե քանի որ սա լուրջ խնդիր է, որ ընդդիմությունը պետք է կարողանա վերահսկել մեծամասնությանը, ԱԺ «այլընտրանքային» գործընկերները պետք է որոշեն, թե թևերից որ մեկին են հարում:
«Ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ձևավորեն հանձնաժողովը, և ինչպես անկախ պատգամավորները չեն կարող մասնակցել էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը, այնպես էլ անկախ խմբակցությունը չպետք է կարողանա մասնակցել»,- ասաց Ա. Արզումանյանը՝ կոչ անելով, որ եթե այս ձևակերպումներով օրինագիծը մտնի և քվեարկվի, ընդդիմությունը զերծ մնա դրան մասնակցությունից, այլապես հանձնաժողովը կդառնա քաղաքական մարմին:
Ա. Արզումանյանը շեշտեց, որ էթիկայի հանձնաժողովում պարտադիր պայման պետք է լինի, որ ընդդիմությունն ունենա 50% և ոչ պակաս ձայն:
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում է «հավասարակշռել» էթիկայի հանձնաժողովում տեղերի բաշխումը իշխանության և ոչ իշխանության միջև:










































