Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Նրա խոսքերով՝ անդրադարձ է եղել ՀՀ ԱԺ առաջին քառօրյայի աշխատանքներին: Շարմազանովի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նիստը տևել է քառասուն րոպե:
Հարցին, թե ինչո՞ւ նիստին մասնակցեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Շարմազանովը պատասխանեց, որ կուսակցության խորհուրդը բյուջետային քննարկումներ էր կազմակերպել, և դա էր նրա մասնակցության պատճառը: «ԳՄ նիստի ընթացքում Սյունիքի ապագա մարզպետի հարցը չի քննարկվել, կադրային հարց չի քննարկվել»,- հստակեցրեց Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին՝ նա ասաց, որ չի ճանաչում մի քաղաքական գործչի և մի քաղաքական կուսակցության, որը հայտարարում է, թե իր նպատակը քաղաքականություն մտնելն ու անձնական խնդիրներ լուծելն է: «ՀՀԿ-ն մնում է ամենաազդեցիկ քաղաքական ուժը՝ որքան էլ որ ոմանց դուր չգա»,- ասաց նա:








































