Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերջին 2 շաբաթվա ընթացքում սեքսուալ ստրկության են վերցրել մոտ 3000 կնոջ ու երիտասարդ աղջկա: Բրիտանացի լրագրողները պարզել են, որ գերուհիներին տեղավորում են յուրատեսակ հասարակաց տներում, որոնք ղեկավարում են… «մայրիկները» Եվրոպայից: Նրանց շարքում կան նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ՝ հայտնում է Mirror-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ այդ կանայք «Ալ-Հանասսա» կազմակերպության անդամ են: Նրանք հսկում են սեքս-ստրկուհիներին և նրանց պատժում «իսլամին հակասող» վարքի համար:
Անհայտ աղբյուրը լրագրողներին պատմել է. «Նրանք բարբարոսաբար են մեկնաբանում իսլամի նորմերը, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները: Նրանք հավատում են, որ «Իսլամական պետության» զինյալները չեն կարող իրենց պահանջմունքները բավարարելու համար օգտագործել ոչ մուսուլման կանանց»:
Հիմնականում ահաբեկիչների ստրկուհիներ են դառնում կրոնական-էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ եզդիները: Զինյալները եզդի տղամարդկանց սպանում են, իսկ կանանց տանում իրենց հետ: Նրանց սեքս-ստրկուհիներ են դարձնում «Ալ-Հանասսա»-ի անդամները:








































