Ամերիկացին, որը դատապարտված էր 1993թ. իր նախկին կնոջն ու նրա եղբորը սպանելու համար, Տեխաս նահանգում հինգշաբթի օրը մահապատժի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ 45-ամյա Ուիլլի Թրոթիին մահացու ներարկում է արվել: Դատարանին ուղղված իր վերջին խոսքում Թրոթին պնդել է, որ դատական գործընթացի ժամանակ իրեն որակյալ իրավաբանական օգնություն չի ցուցաբերվել, նաև կասկածի տակ է դրել դեղամիջոցի արդյունավետությունը, որի օգնությամբ պետք է իրագործվեր մահապատիժը: Ներարկումից անմիջապես առաջ նա ներողություն է խնդրել:
Թրոթին խոստովանել է, որ սպանել է իր նախկին կնոջը՝ 24-ամյա Բարբարա Կանադային, և նրա 28-ամյա եղբորը՝ Թիթուսին: Նա նաև նշել է, որ այդ սպանությունները եղել են պատահականություն և կատարվել են ինքնապաշտպանության նպատակով:
Թրոթիի մահապատիժն ութերորդն է այս տարի ԱՄՆ Տեխաս նահանգում իրագործված մահապապատիժներից:







































