«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ֆինանսավորվում են Պարսից ծոցի երկրների 127 գործարարների կողմից: Այս մասին «Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է մարդու իրավունքների սկանդինավյան կենտրոնի տնօրեն՝ Սիրիայի ընդդիմադիր Հեյսամ ալ-Մանաան, որն «Էմիրաթի փողերը» անունով հետազոտություն է պատրաստել «Իսլամական պետության» գործունեության մասին:
«Քուվեյթյան ցանցի միջոցով Պարսից ծոցի երկրների գործարարները, որոնք իսլամի սալաֆիական թևի հետևորդ են, ֆինանսավորում են «Իսլամական պետությանը»»,- նշել է նա:
Ալ-Մանաայի խոսքով՝ այդ ցանցը ներառում է 127 գործարարի Սաուդյան Արաբիայից, Կատարից, Քուվեյթից և այլ մուսուլմանական երկրներից: Զեկույցի հեղինակը նրանց անունների ցուցակը ներկայացրել է ՄԱԿ-ին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի միջոցներ մշակելու համար:









































