Վերահսկիչ պալատի 2013թ. ծրագրի կատարման հաշվետվությունն ուսումնասիրելիս կարելի է բավականին հետաքրքիր դրվագներ հայտնաբերել: Հիշեցնենք, որ ՎՊ-ն ուսումնասիրում է հիմնականում պետական բյուջեի միջոցներով կատարված ծախսերի արդյունավետությունը: Ճիշտ է, այս գերատեսչությունն այդ ծախսերն ուսումնասիրելիս այնքան էլ շատ չի խորանում, հակառակ դեպքում` պետական միջոցները ծախսելու ոլորտում անընդհատ խոշոր չարաշահումներ կամ «ատկատներ» տեղի չեն ունենա կամ գոնե կկրճատվեն: Կամ էլ միգուցե այդ գերատեսչությանը շատ խորանալու հնարավորություն չեն տալիս: Իսկ այն խախտումներն ու չարաշահումներն էլ որ հայտնաբերում է` բավականին խոսուն են:
Մի քանի օր առաջ բավականին սկանդալային դարձավ Ազգային ժողովում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, թե ինչ-որ «Հայկական միրգ» ընկերություն ծիրանի և դեղձի այգիներ հիմնելու համար Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ կնքել է մի պայմանագիր: Եվ այդ ընկերությունը 462 հազար դոլարով հայերին պետք է սովորեցնի ծիրան և դեղձ աճեցնելու մեխանիզմները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առանձնապես «աշխատանքներ» չեն կատարվել, բայց գումարը փոշիացվել է: Իսկ դա պետության կողմից միջազգային կառույցներից վերցված վարկային միջոցներով իրականացվող ծրագիր էր:
Սա այն օրինակներից մեկն է, թե ինչպես են մսխվում Հայաստանի վերցրած վարկային միջոցները: Ի. Զաքարյանի ներկայացմամբ` դրանք նախ արտոնյալ պայմաններով՝ 0,75 տոկոսով վերցվում են միջազգային կառույցներից գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար: Այդ գումարը Կենտրոնական բանկի միջոցով բաշխվում է առևտրային բանկերին ու վարկային կազմակերպություններին, որպեսզի նրանց միջոցով բաշխվեն գյուղացիական տնտեսություններին:
Նախ ԿԲ-ն 0,75 տոկոսով վերցրած վարկը 6 տոկոսով է տալիս բանկերին, սրանք էլ իրենց հերթին այդքան կամ մի փոքր ավել-պակաս տոկոսադրույք են ավելացնում ու տալիս ֆերմերներին կամ գյուղացիներին: Եվ վարկերի մեծ մասը ստանում են ինչ-որ ընկերություններ, որոնք երբեմն բացվում են վարկը ստանալուց քիչ առաջ: Դրանք էլ իրենց հերթին պայմանագրեր են կնքում տարբեր երկրներում, որպես կանոն` օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների հետ, վարկը ծախսում են, բայց գործ չեն անում: Եվ ամենայն հավանականությամբ վարկը մսխում են կամ այլ նպատակի ծառայեցնում, ինչը երբեմն չի էլ վերադարձվում: Եթե վերադարձվում էլ է, միևնույն է, այն նպատակին չի ծառայել, այսինքն` չի նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Իսկ պատկան կառույցներն այդ ամենի վրա աչք են փակում ու շարունակում նույն գործելաոճը:
Պակաս սկանդալային չէ, օրինակ, այս մի ուսումնասիրությունը: 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում Առողջապահության նախարարության կողմից մրցույթով «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից ձեռք է բերվել ավելի քան 224 հազար սրվակ ինսուլին, որի 1 սրվակի արժեքը եղել է 4800 դրամ: Իսկ ինսուլինն այն դեղամիջոցն է, որն անհրաժեշտ է շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին, և այդ հիվանդներին տրվում է անվճար: Այսինքն` ինսուլինը պետական միջոցներով գնվում է մասնավոր ընկերություններից և բուժհիմնարկների միջոցով հատկացվում է հիվանդներին: Հետագայում որոշվել է 2013-2019 թվականների համար բանակցային ընթացակարգով անհրաժեշտ ինսուլինը ձեռք բերել «Նովո Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից` 1 սրվակը 1345 դրամով: Այսինքն` երեքուկես անգամ ավելի էժան գնով: Եվ այս փոփոխության արդյունքում 2014թ. միայն ինսուլին ձեռք բերելու դեպքում պետբյուջեի խնայողությունը կկազմի 736 մլն դրամ:
Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ընկերությունը, որից մինչ այդ սրվակը 4800 դրամով ինսուլին է ձեռք բերվել, պատկանում է ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Հայտնի է նաև, որ վերջինս մոտ մեկուկես տասնամյակ է, ինչ վերահսկում է դեղերի ներկրման և իրացման շուկան: Եվ պետությունը ամեն տարի ավելի քան եռակի անգամ թանկ գնով ինսուլին է գնել նրան պատկանող «Նատալի ֆարմից»: Այն էլ` մրցութային կարգով:
Պետական գնումներում մրցույթն անցկացնելու տրամաբանությունն այն է, որ ցանկալի ապրանքը, այդ թվում և` դեղորայքը ձեռք բերվի հնարավորինս ցածր գնով: Սակայն ՎՊ ուսումնասիրությունները շատ հաճախ ցույց են տվել, որ մրցույթի միջոցով ապրանքները ձեռք են բերվում շուկայականից շատ ավելի բարձր գներով: Դրա վառ օրինակներից մեկն էլ Առողջապահության նախարարության կողմից Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունից ինսուլինի ձեռքբերումն է: Սա ցայտուն օրինակ է, թե այս պատգամավորն ինչպես է տարիներ շարունակ հարստացել պետության հաշվին: Այդ շրջանակում սա ընդամենը մեկ օրինակ է, և տարիներ շարունակ միայն ինսուլինի վաճառքից պետությունից միլիարդավոր դրամներ են հոսել Ս. Ալեքսանյանի գրպանը: Մինչդեռ Ս. Ալեքսանյանը հարյուրավոր անուն դեղեր է ներկրում, այդպես վաճառում պետությանն ու քաղաքացիներին և ահռելի հարստություն դիզում:
ՎՊ ուսումնասիրության մեջ նշվում է, որ «Պետական բյուջեից դեղորայքի ձեռքբերման համար տրամադրվող միջոցները կարող են խնայվել նաև մյուս դեղատեսակների դեպքում»: Փաստորեն, Ս. Ալեքսանյանին չհարստացնելու դեպքում պետությունը կարող է տասնյակ միլարդավոր դրամներ խնայել:
«Գնումների համակարգում տևական ժամանակ առկա մեծ թվով խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև անարդյունավետ բյուջետային ծախսերը վկայում են, որ համակարգը լիովին չի արդարացնում սպասելիքները, արդյունքում առաջանում են անցանկալի հետևանքներ»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































