Շաբաթ օրը Հնդկաստան է բերվելու բուժքույր Յասինտա Սալդանհիի աճյունը, որն ինքնասպանություն էր գործել այն բանից հետո, երբ ավստրալական ռադիոկայանի հաղորդավարները խաբեությամբ տեղեկատվություն էին ստացել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի առողջության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Vesti-ն, կիրակի Հնդկաստանի Մանգալոր քաղաքում կկայանա նրա հուղարկավորությունը:
Երկու երեխաների մայր 46-ամյա Յասինտա Սալդանհիին մահացած էին հայտնաբերել անցած շաբաթ Լոնդոնում: Մահացածի գրպանում հայտնաբերվել է մահից առաջ գրված երկու գրություն: Դրանցից մեկում նա իր գնահատականն էր տվել 2Day FM ռադիոկայանի հաղորդավարների արարքին, որոնք ներկայանալով որպես Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ և նրա ամուսին Ֆիլիպ, բուժքրոջից տեղեկատվություն էին ստացել հղի Քեյթ Միդլթոնի վիճակի մասին: Երկրորդ գրության մեջ նա իր վերջին կամքն էր հայտնել հուղարկավորության կապակցությամբ:
Ավելի ուշ մահացածի իրերում հայտնաբերվել է երրորդ գրությունը: Քննիչների խոսքերով` գրության մեջ բուժքույրը խոստովանել է, որ իրեն նման ծայրահեղ քայլի է դրդել գործընկերների վերաբերմունքը, որոնք ծաղրել են նրան այդքան միամիտ լինելու համար:








































