«Առաջին լրատվականի» զրուցակիցն է 2008 թ. «Ներողություն» ակցիայի նախաձեռնող, Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրք մտավորական Չենգիզ Աքթարը:
-Պարոն Աքթար, Թուրքիան նոր նախագահ ունի, մի նախագահ, ով ըստ էության նախկինում արդեն իսկ ղեկավարում էր երկիրը, ու թվում է, որ Թուրքիայում մեծ բան չի փոխվել: Այնուամենայնիվ, պետք է քննարկել, թե ի՞նչ կարելի է սպասել Էրդողանի նախագահությունից, եթե հաշվի առնենք, որ նրա արտաքին քաղաքականության առաջին փորձությունը լինելու է 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
-Ցավոք սրտի, շատ բան չենք կարող սպասել: Մենք տեսանք, որ նա իր նախագահությունը ստանձնելուն պես այցելեց Կիպրոս, ապա Բաքու: Ես կարծում եմ, որ Թուրքիայի «հայկական քաղաքականությունը» թելադրվում է ադրբեջանական նավթի կողմից, և Էրդողանի իշխանության առաջիկա տարիներին ևս թելադրվելու է Ալիևի կողմից: Ոչինչ չի կարող սա փոխել: Թուրքիայի ամենաբարձր առաջնահերթությունը նավթն է, էներգառեսուրսներն են, Բաքուն և ոչ Երևանը:
-Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր համագումարում ասաց, որ Թուրքիայի ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը կազմված է Հայկական հարցից և Կիպրոսի հարցից: Մենք երբեք նման ձևակերպումներ չենք լսել Թուրքիայի իշխանությունների կողմից: Սա պատահակա՞ն է:
-Ես չեմ կարծում, որ նման բնույթի հռետորաբանությունը պետք է ստիպի ինչ-որ լուրջ բեկում ակնկալել, սա շատ աղքատիկ հռետորաբանություն է: Իմ կարծիքով՝ սա բարձրաձայնվեց Թուրքիայի արևմտյան դաշնակիցներին գոհացնելու համար, բայց եթե կոնկրետ խոսենք, ապա ոչինչ էլ չի պատահի: Ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա Թուրքիան կպահի իր ներկայիս դիրքորոշումը, հնարավորինս որևէ քայլ չանելու դիրքորոշումը՝ փորձելով տեսնել 100-ամյակն անցած: «Ներողությունը» Էրդողանի ամենաբարձր քայլն էր: Նա երբեք չի անի դրանից ավելին: Նա կարող է պարզապես կրկնել այն, ինչ ասել է այս տարի, բայց զղջում, ճանաչում երբեք չի կարելի սպասել:
-Հանգամանքը, որ Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, չի՞ ստիպի արդյոք Թուրքիային դուրս գալ ադրբեջանական նավթի տիրապետությունից՝ ընդառաջ քայլեր իրականացնելով Հայաստանի հանդեպ, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանների բացումը:
-Ես չեմ կարծում, որ նույնիսկ դա կստիպի փոխել ինչ-որ բան: Հաշվի առնելով Թուրքիայի զբաղվածությունը Սիրիայում, Կիպրոսում, Ադրբեջանի գործոնը՝ պարզապես հնարավոր չէ որևէ բան սպասել առաջիկա տարիների ընթացքում: Մենք մեր հակամարտությունում որևէ բարելավում չենք ակնկալում, մենք միայն խնդիրներ ենք տեսնելու: Հայ-թուրքական սահմանների բացում ևս չպետք է ակնկալել, այդ մասին Թուրքիայի իշխանությունների դիտարկումները պարզապես հռետորաբանություն են, որովհետև առաջիկայում Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն են, պարոն Էդրողանը ցանկանում է հաղթել այդ ընտրություններում՝ ամբողությամբ փոխելով թուրքական ռեժիմը, երկիրը դարձնելով նախագահական և ռեժիմը մոտեցնելով ներկայիս ռուսական ռեժիմին: Էրդողանը Թուրքիան տանում է պուտինյան ռեժիմի ճանապարհով:









































