Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը ստացել է ֆինանսատնտեսական ճգնաժամին վերաբերող իր հարցի պատասխանը, որը նա տվել էր 2008թ.: Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, նրան պատասխանել է Անգլիայի բանկի տնտեսագետներից մեկը` դեկտեմբերի 13-ին Միացյալ Թագավորության Կենտրոնական բանկի ոսկու պահեստ թագուհու կատարած այցի ժամանակ:
Չորս տարի առաջ Էլիզաբեթ 2-րդը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի մասնագետներից հետաքրքրվել էր, թե ինչու ոչ ոք չկարողացավ կանխատեսել ճգնաժամը:
Անգլիայի Կենտրոնական բանկ կատարած այցի ժամանակ թագուհուն մոտեցել է ձեռնարկության փորձագետներից մեկը՝ Սուջիտ Կապադիյան, և ասել, որ կցանկանար պատասխանել նրա հարցին:
Ինչպես մեկնաբանել է Կապադիյան, ֆինանսական ճգնաժամերը մասամբ հիշեցնում են երկրաշարժ և հարբուխի համաճարակ. դրանք բոլորն էլ տեղի են ունենում ոչ շատ հաճախ, և դժվար է դրանք կանխատեսել: Կապադիյան հավաստիացրել է թագուհուն, որ Անգլիայի բանկի անձնակազմը կանի հնարավոր ամեն ինչ՝ նոր ճգնաժամը կանխելու համար, եթե այն առաջանա:
Մեծ Բրիտանիան, ինչպես և մյուս պետությունները, լրջորեն տուժել է ֆինանսատնտեսական ճգնաժամից:








































