ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով Մաքսային և Եվրասիական տնտեսական միությունները չեն կայանալու: Նա նման տեսակետ հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ Ռուսաստանին սպասվում են երրորդ կարգի պատժամիջոցներ, ինչն էլ ավելի է բարդացնելու դրությունը: «Հայաստանը, չընկնելով պատժամիջոցների տակ և դուրս մնալով այդ ամենից, կարող է զարգացում ապրել: Պետք է ոչ թե մտածել, որ Իսպանիայից էլ պոմիդոր չենք բերելու, մենք մի տասը կիլոգրամ ավել տանենք, այլ ուրիշ ուղղությամբ մտածենք: Դա բոմժ պետությանը հատուկ մոտեցում է»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Արզումանյանն ընդգծեց, որ Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը 20 տարի եղել է և պետք է շարունակվի: Եվրամիության առաջարկվող տնտեսական համակարգը շատ ավելի հարմար ու արդիական է, և դա կնպաստեր մեր զարգացմանը, իսկ Եվրասիականը այն է, ինչ մենք տեսել ենք, որտեղ «ռուլիտ են անում» օլիգարխները, դա մենք ունենք և դրանով մենք զարգացում չենք պատկերացնու»:
Նրա խոսքով՝ հիմա էլ ավելի շատանում են ճկուն քաղաքականություն վարելու և մանևրելու հնարավորությունները: Մենք պետք է հաշվի առնենք մեր քաշային համակարգը և ըստ այդմ աշխատենք: Հայաստանը դատապարտված է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ նաև Չինաստանի և Ճապոնիայի հետ: Ես բազմիցս եմ ասել, որ Մաքսային միությունը չի կայանալու, հիմա ԱՊՀ-ն էլ կա անունով, բայց կա՞ արդյոք նման բան, գործո՞ւմ է:
Միևնույն ժամանակ Ալեքսանդր Արզումանյանը բացառեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնելու հարցը՝ ընդգծելով, որ դա ցանկացած իշխանության համար ինքնասպան գործողություն կլինի:
Լուսանկարը՝ Pan Photo-ի









































