Human Rights Watch (HRW) միջազգային կազմակերպության իրավապաշտպանները հայտարարում են Ուկրաինայի արևելքում մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպությունում պնդում են, որ Դոնեցկի ռուսամետ անջատողականները բռնել են խաղաղ բնակիչների, նրանց կտտանքների ենթարկել, ստորացրել, ստիպել հարկադիր աշխատանք անել:
«2014թ. ապրիլից սկսած՝ ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններին աջակցող զինված գրոհայինները հարյուրավոր խաղաղ բնակիչների են բռնել, հետապնդել են ենթադրյալ քննադատներին՝ ներառյալ լրագրողներին, ուկրաինամետ քաղաքական ակտիվիստներին, կրոնական ակտիվիստներին, և որոշ դեպքերում նրանց ընտանիքի անդամներին»,- ասվում է HRW-ի զեկույցում:
Օգոստոսին կազմակերպությունն արձանագրել է մի քանի տասնյակ տարբեր խախտումներ: Բացի այս ամենից՝ HRW-ն փաստագրել է 12 մարդու վկայությունները, որոնք պատմել են ծեծերի, ոտնահարվածների, դանակի վերքերի, ծխախոտի այրվածքների մասին՝ ասվում է զեկույցում:








































