Օգոստոսի 24-ին շոտլանդական Աբերդինի օդանավակայանում իրեն վատ զգացած աղջկա պատճառով British Airways ինքնաթիռի ուղևորներին մի քանի ժամ կարանտինի մեջ են պահել: Այս մասին հայտնում է Dailyrecord-ը:
Այդպիսի միջոցառում ձեռնարկվել է մտավախությունից, որ երեխան վարակված է Էբոլա տենդի վիրուսով:
Երբ 10 տարեկան աղջիկը, որը, հավանաբար, ծնունդով Նիգերիայից է եղել, իրեն վատ է զգացել, ինքնաթիռը մեկուսացրել են՝ հիվանդանոց նրա անվտանգ տեղափոխումն ապահովելու համար: Իսկ ուղևորներին դուրս չեն թողել ավելի քան 2 ժամ:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ դա եղել է միայն զգուշության միջոցառում: Աղջկան զննել են շտապօգնության մասնագետները, հետո հիվանդանոց են տեղափոխել հետագա ախտորոշման համար:
BBC-ի տվյալներով՝ աղջկա օրգանիզմում Էբոլա տենդ չեն հայտնաբերել:









































