Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջին լուրջ պարտությունն է կրել իր կառավարման մեկ տարում, գրում է «Կոմերսանտը»: Նախագահի հակառակորդները խորհրդարանում աշխատանքից հեռացրել են նրա դաշնակիցներից մեկին՝ գիտության և տեխնոլոգիաների նախարար Ռեզա Ֆարաջի-Դանային: Առիթ են դարձել նախարարի մեղադրանքները յաջակցություն ուսանողների, որոնք մասնակցում են ընդդիմության ակցիաներին:
Նախարարի իմփիչմենթի խնդրագիրը ստորագրել է Իրանի 290-տեղանոց Մեջլիսի 51 պատգամավոր: Նրանք Ֆարաջի-Դանային մեղադրել են «ազգի շահերին հակասող» գործողությունների, ուսանողական միջավայրի «քաղաքականացման» և նույնիսկ երկրի անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար:
2009թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դեմ ակցիաներին մասնակցող ուսանողներն ու դասախոսները հեռացվել էին Իրանի բուհերից, բայց գիտության և տեխնոլոգիաների նոր նախարարը նրանց վերադարձրել էր լսարաններ: Հենց սա էլ նրան չեն ներել պահպանողականները:
Մեկ տարի առաջ ձևավորված իրանական նոր կաբինետի նշանավոր գործիչներից մեկի հեռացումը Ռուհանիի առաջին լուրջ պարտությունն է պահպանողականների դեմ: Իսլամական ռեժիմի լիբերալացմանն ու երկիրն արտաքին աշխարհի համար բացելուն ուղղված նախագահի նոր կուրսը հանդիպում է ազդեցիկ օրթոդոքսների աճող դիմադրությանը:
Միաժամանակ, միջուկային հարցով Իրանի և «վեցյակի» բանակցությունների վերջին փուլում առաջացած դժվարությունները Ռուհանիի հակառակորդները կարող են օգտագործել նախաձեռնությունը վերցնելու համար, գրում է «Կոմերսանտը»: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Թեհրանն ու «վեցյակը» պետք է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ համաձայնությունը ստորագրեին մինչև հուլիսի 20-ը, բայց բանակցությունները երկարաձգվել են մինչև նոյեմբերի 24-ը: Այս իրավիճակում, պահպանողականների հաշվարկով, երկրի ներսում անհաջողությունները Ռուհանիին կստիպեն չեղարկել բարեփոխումներն ու չգնալ Արևմուտքի հետ գործարքի:









































