Ասիական և հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Ջեկի Չանը հայտարարել է, որ ինքը զայրացած է, ցնցված և ամաչում է իր որդի Ջեյսիի համար, որին ձերբակալել են թմրանյութ պահելու մեղադրանքով: «Իմանալով այդ մասին՝ ես կատաղեցի»,- ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ իր միկրոբլոգում գրել է նա:
«Որպես հասարակական գործիչ՝ ես ամոթ եմ զգում: Իսկ որպես հայր՝ ես վշտացած եմ և հիասթափված: Բայց ամենից շատ Ջեյսիի մոր սիրտն է կտոր-կտոր լինում»,- խոստովանել է դերասանը: Նա հույս է հայտնել, որ երիտասարդ սերունդը եզրակացություն կանի նման սխալներից և հեռու կմնա թմրանյութերից:
Դիմելով որդուն՝ Ջեկի Չանն ասել է. «Դու անվայել արարք ես գործել և պետք է պատասխանատվություն կրես հետևանքների համար: Բայց ես քո հայրն եմ և միշտ քեզ հետ կլինեմ: Ջեյսիի և իմ անունից բոլորից խորագույն ներողություն եմ խնդրում»,- նշել է նա:
32-ամյա Ջեյսին Պեկինում ձերբակալվել է ընկերոջ՝ թայվանցի հայտնի կինոդերասան Կե Չժենդունի հետ Պեկինի մերսման սրահներից մեկում, որտեղ «խոտ» են ծխել: Արյան հետազոտությունը հաստատել է երկուսի օրգանիզմում էլ մարիխուանայի առկայությունը, իսկ խուզարկության ժամանակ Չանի բնակարանում ավելի քան 100 գրամ թմրանյութ է հայտնաբերվել: Ջեյսին խոստովանել է, որ սկսել է թմրանյութ գործածել դեռ 8 տարի առաջ, երբ եղել է Նիդերլանդներում:








































