«Ծիծաղելի և խաբկանք կարելի է համարել դատավարության այս ամբողջ պրոցեսը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հայրը` Շահեն Հարությունյանը, անդրադառնալով մինչ այս տեղի ունեցող դատական նիստերին և Շանթի ու ընկերների հարցաքննության ավարտին: «Ոստիկանության ցուցմունքները, այդ ամենը ոնց որ թատրոն լինեն: Այստեղ որևէ լուրջ բան, լուրջ պրոցես, լուրջ գնահատական չկա: Ոստիկանությունն ինքը հրահրեց այդ բոլորը և խաղաղ երթը վերածեց անկարգության, իսկ հիմա նույնը շարունակում է դատարանում»,- հավելեց Շանթի հայրը:
Շահեն Հարությունյանը ամեն դեպքում լիահույս է և կարծում է, որ եթե ամեն ինչ այս տեմպով շարունակվի, ապա դատարանը կբավարարվի այն ժամանակահատվածով, ինչքանով որ արդեն անազատության մեջ է Շանթ Հարությունյանը, և բոլորին էլ դատարանի դահլիճից ազատ կարձակի: «Չնայած՝ չի բացառվում և հակառակը: Բայց նա 9 ամիս է արդեն՝ նստած է, իսկ իր կատարած հանցանքը չի համապատասխանում անգամ իր նստած 9 ամսվան: Շանթը մի բան էլ ավել է նստել»,- կարծում է հայրը:
Ըստ Շահեն Հարությունյանի՝ Շանթը գիտեր, թե ինչի է գնում: Նա դիտավորյալ գնում էր դատարան, որ օգտագործի այդ հարթակը և ասի իր ասելիքը: «Իմիջիայլոց, շատ ճիշտ վարմունք էր: Ինքը պետք է իրեն պաշտպաներ, իր տեսակետները, գաղափարներն ու համոզմունքներն արտահայտե՞ր, թե՞ ոչ: Անգամ փաստաբանից հրաժարվելն է դրա մասին խոսում: Փաստաբանը չէր կարող Շանթի մտածածը, Շանթի գաղափարներն արտահայտել: Բնական է, որ ինքը ճիշտ վարվեց այդ դեպքում»,- կարծում է նա:
Շահեն Հարությունյանը համամիտ է դատարանում ռուսական իշխանությունների, Ռուսաստանի հասցեին հնչեցրած մտքերին: «Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ դժբախտությունն է: Ռուսաստանի հետ հույս կապելն արդարացված չէ և սին է»:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը որդու գործի վերաբերյալ նամակով դիմել էր անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ նրանից առանձնապես արձագանք չկա: Ընդամենը երկու տողով տեղեկացրել են, որ նամակը ստացել են, սակայն Շահեն Հարությունյանը պատրաստվում է դատավարությունից հետո էլ պայքարել Շանթի պաշտպանության համար: «Նորից բողոքներ կուղարկեմ բոլոր ատյաններին և նրանց ուշադրությունը կհրավիրեմ այս խեղկատակության վրա»,-եզրափակեց Շահեն Հարությունյանը:










































