Իսրայելցի զինվորականներն ավերել են պաղեստինցիների տները, ովքեր կասկածվում են 3 դեռահաս իսրայելցիների առևանգելուն և սպանելուն մասնակից լինելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայության հայտարարությանը: Իսրայելի կողմից նման պրակտիկան չի կիրառվել արդեն 10 տարի:
Հաղորդվում է, որ զինվորականները ոչնչացրել են Հուսամ Կավասմեի և Ամար Աբու Այշայի տները Հեբրոն քաղաքում, ինչպես նաև կնքել երրորդ կասկածյալի՝ Մարվան Կավասմեի տունը:
Հայտարարությունում նշվում է, որ տների քանդումը հստակ ազդանշան է ահաբեկիչներին և նրանց մեղսակիցներին, որը պետք է հասկացնի, որ իրենց գործողությունների համար նրանք ստիպված կլինեն անձամբ վճարել:
Պրակտիկան լայնորեն կիրառվել է 2000-ականների սկզբին: Այն ժամանակ ավերվել է պաղեստինյան ավելի քան 650 շինություն:









































