Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վրդովմունք է հայտնել Իրաքում կրոնական փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության կապակցությամբ, ինչպես նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը կասեցնել այդ հանցագործությունները, հաղորդում է Associated Press–ը։
Հովվապետի խոսքով՝ Իրաքից նորություններն իր մեջ տագնապ և տարակուսանք են առաջացնում։
«Խոսքը իրենց տներից վտարված մարդկանց կրոնական, պատմական ու մշակութային արժեքների ոչնչացման մասին է»,- հայտարարել է նա։
Հռոմի պապը կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ «գտնել արդյունավետ քաղաքական որոշում, որը կարող է կասեցնել այդ հանցագործություններն ու վերականգնել օրենքի գերակայությունը»։
Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս Իրաք կուղևորվի նրա անձնական էմիսար, կարդինալ Ֆերնանդո Ֆիլոնին։
Դրանից բացի, Ֆրանցիսկոսը ուշադրություն է դարձրել կարճ զինադադարից հետո Գազայի հատվածում բռնության վերսկսմանը։







































