Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով զենք տրամադրել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար, կիրակի հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։
«Մենք պայքարում ենք ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ ահաբեկչական պետության դեմ»,- հայտարարել է Բարզանին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսի հետ մամլո ասուլիսի ժամանակ։ Ֆաբիուսը Իրաքյան Քուրդիստանի Էրբիլ ինքնավար շրջան է ժամանել՝ քննարկելու երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհային իսլամիստներն Իրաքում սպանել են առնվազն 500 քուրդ եզդիների։ Կան ապացույցներ, որ գրոհայինները ողջ-ողջ թաղել են կանանց ու երեխաների։ «Ռոյթեր» գործակալության տվյալներով, Իրաքի իշխանությունները հայտնաբերել են զոհերի զանգվածային գերեզմաններ։ Գրոհայինները նաև գերի են վերցրել մոտավորապես 300 կանանց, որոնց նրանք օգտագործում են որպես ստրկուհիներ։









































