Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամք ունեն՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հաճույքով փաստում ենք, որ թե Ադրբեջանի նախագահն է ուշադրություն դարձրել խնդրի լուծման խաղաղ ուղու անհրաժեշտության վրա, և թե Դուք (Հայաստանի նախագահ) այդ մասին հենց նոր ասացիք: Դա իրականում ամենակարևորն է, քանի որ ավելի մեծ ողբերգություն չկա, քան մարդկանց մահը»,- հայտարարել է Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկացած բարդ իրավիճակ կարող է լուծվել, եթե կա բարի կամք: Ինձ թվում է, որ նման կամք կա թե հայ ժողովրդի կողմից, թե արդրբեջանական ժողովրդի կողմից»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը «մեզ բաժին է հասել անցյալից՝ որպես Խորհրդային Միության ժառանգություն: Մենք պետք է համբերություն, իմաստություն, փոխադարձ հարգանք ցուցաբերենք միմյանց նկատմամբ՝ հարցին լուծում գտնելու համար»,- նշել է նա:
Բանակցություններն ընթանում են եռակողմ ձևաչափով: Ակնկալվում է, որ շուտով կողմերին կմիանան նաև պատվիրակությունների անդամները:








































