American Academy of Sleep Medicine-ի գիտնականները գենետիկ մուտացիա են հայտնաբերել, որը մարդու մոտ նվազեցնում է քնի պահանջը: Այս մասին է ասվում Sleep բժշկական ամսագրում:
Կարծիք կա, որ մարդու նորմալ կենսագործունեության համար առնվազն ութ ժամ քուն է հարկավոր: Գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ կարող են ընդամենը հինգ ժամ քնել և դրա հետ մեկտեղ օրվա ընթացքում պահպանել արտադրողականության մակարդակը և ուշադրության կենտրոնացումը: Պարզվում է, որ դա կապված է BHLHE41գենի կետային մուտացիայի հետ:
Այս հարցի հետազոտման համար գիտնականները ուսումնասիրել են 100 զույգ միասեռ երկվորյակների: Փորձի ընթացքում մասնակիցներին մասամբ կամ ամբողջովին զրկել են քնից: Պարզվել է, որ ուսումնասիրվող մարդկանցից մեկը գենում նախկինում չհայտնաբերված BHLHE41 մուտացիա ունի, որը հնարավորություն է տալիս նրան, առանց առողջությանը վնասելու, հեշտությամբ տանել հինգժամանոց քունը: Նրա երկվորյակ եղբայրը, որի մոտ բացակայում է այդ մուտացիան, 7 ժամ է քնում:
Գիտնականների կարծիքով՝ գենետիկ մուտացիայի տերերը դանդաղ քնի ավելի երկար փուլ ունեն, որի ժամանակ էլ ուղեղը վերականգնում է աշխատունակությունը:








































