Ռուսաստանի կառավարությունում քննարկվում է նիստերի տեխնիկական և ծրագրային ապահովման փոփոխությունը: Նախարարներին կառաջարկեն հրաժարվել iPhone-ից և iPad-ից, որոնք ակտիվորեն օգտագործվում են նիստերի ժամանակ՝ գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով նախարարների կաբինետում անանուն աղբյուրին:
Բացի դրանից՝ կդրվի սեփական ծրագրային ապահովումը մշակելու խնդիր: russian.rt.com-ը գրում է, որ դա թելադրված է նաև անվտանգության նկատառումներով. Էդվարդ Սնոուդենը բազմիցս ասել է, որ Apple-ի սարքերից տեղեկությունները ձեռք են բերում ամերիկյան հատուկ ծառայությունները:
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ այդպիսի նիստերից մեկը նախատեսված էր օգոստոսի 6-ին: Սակայն այն հետաձգվել է, և փոխարենը անցկացվել է ձեռնարկատիրական գործունեության բարելավման համար տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման կառավարական հանձնաժողովի նիստ:
«Նիստը հետաձգվեց, քանի որ Apple-ի արտադրանքի փոխարինման հարցը լիովին մշակված չէ: Չնայած բազմիցս հայտարարվել է ոչ ամերիկյան ընկերությունների (Samsung) պարտադիր անցման մասին՝ դեռ ոչ բոլոր նախարարներն ու փոխվարչապետներն են անցել դրան: Իսկ եթե որոշում ընդունեին ու այն հրապարակեին, պետք կլիներ կատարել»,- ասել է նախարարը, որը ցանկացել է անհայտ մնալ:







































