Օգոստոսի 2-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ գնալու համար դժվար էր փոխադրամիջոց գտնել։ Առավոտից մինչև կեսօր շարունակվող ինտենսիվ կրակահերթերի պատճառով տաքսիների վարորդները խուսափում էին ուղևոր տեղափոխել դեպի Բերքաբեր։ Իջևանից դուրս եկող ճանապարհին կանգնած ոստիկանները վարորդներին զգուշացնում էին Սարիգյուղից այն կողմ՝ դեպի Բերքաբեր չգնալ։
Ճանապարհին տաքսու վարորդը պատմում էր, որ հակառակորդը կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ․ – «Երեկ իրիկունը երևի 10-ին 10 պակաս կլիներ, տրասի վրա, էն ինչ ձևի էր տալի, շուտ-շուտ լույսերն անջատել եմ, պապիրոսը, հեռախոսը, թեքվել եմ ու առանց լույսերի հասել Սարիգյուղ»:
Սարիգյուղից Բերքաբեր ստիպված էինք ոտքով հասնել։ Բերքաբերը ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Մեր այցելության պահին ինտենսիվ կրակահերթեր էին լսվում։
Գյուղացիներից մեկը, որը գյուղից դուրս էր բերել իր ընտանիքի անդամներին, ասաց, որ կրակում են ադրբեջանական դիրքերից՝ տարբեր տրամաչափի զենքերից։ Թեև այդ պահին անմիջապես գյուղի ուղղությամբ չէին կրակում, այդուհանդերձ, նախորդ օրերի կրակոցներից վնասվել էին մի քանի տների տանիքներ, պատեր ու պատուհաններ: Այս մասին պատմել են գյուղացիներն ու մատնացույց արել հակառակորդի արձակած կրակահերթերի հետքերը․ – «Պատսպարվում ենք հարևանի պադվալում: Երեկ մեր կրիշին կպել ա, հեն ա, ծակ ա»:
Գյուղի կենտրոնում հավաքված էին տղամարդիկ, նարդի էին խաղում, զրուցում։ Նրանց հետ էր նաև Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը։ Ասաց, որ չնայած հնչող կրակոցներին՝ զանգվածային տարհանում գյուղում չկա․ գյուղացիներն իրենք են որոշում՝ մնա՞լ, թե՞ իրենց անվտանգության համար դուրս գալ գյուղից։
«Մենք մարդիկ չենք տարհանում, գյուղում կան փոքրիկ երեխեք, հարսներ, տարեց կին: Մարդիկ ուղղակի գյուղից դուրս են եկել, դա չի նշանակում, որ գյուղը լքել ա, մենք լքելու ոչ մի բան չունենք, մենք գյուղում կանգնած ենք պինդ՝ մի մարդու նման, ուղղակի, դե հիմի կռիվ ա․․․ Մենք հայրենասեր ժողովուրդ ենք՝ մեծից փոքր, ոչ մեկս փախչելու բան չունենք: Ամուր կանգնած ենք: Ուրախ կլինենք, եթե ապահովության համար զենք ունենանք, բայց բաժանեն էլ կլինի, չբաժանեն էլ կլինի, մեր գյուղացիներից ամեն մեկը զենք է, և մենք ունենք բանակ՝ պինդ, ամենքը իրենց գործը կատարում են», – «Ազատության» հետ զրույցում ասել է Բերքաբերի գյուղապետը:
Բերքաբերցիները չեն էլ ցանկանում լսել պատերազմի հնարավոր վերսկսման մասին։
«Մենք կանք, գոյություն ունենք, ու ոչ մի անգամ թուրքի մտքով չի կարա անցնի, որ կարող ա մեր գյուղը մտնի: Մենք կանգնած ենք ու պիտի կանգնենք», – ասել է գյուղացիներից մեկը:









































