Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեն վարել որևէ գաղտնի բանակցություն Ուկրաինայի շուրջ, BBC-ին հայտնել է Մերկելի մամլո քարտուղար Քրիստինա Վիրտցը։
Նրա խոսքով (որը հինգշաբթի հրապարակվել է Independent թերթում)՝ նման բանակցությունների մասին տեղեկությունները զուրկ են որևէ փաստական հիմքից։
Հոդվածը խորագրված է եղել «Տարածք՝ գազի դիմաց»։
Ըստ հրապարակման՝ Մերկելը և Պուտինը անցկացրել են գաղտնի խորհրդակցություններ, որոնց նպատակը եղել է փոխզիջման ձեռքբերումը Ուկրաինայի իրավիճակի շուրջ։
Իբր թե Մերկելը Պուտինին առաջարկել է ամբողջովին դադարեցնել Ուկրաինայի արևելքի անջատողականների ֆինանսավորումն ու մատակարարումը, համաձայնել Կիևի համար ընդունելի՝ «Գազպրոմի» հետ գազի մատակարարման պայմանագրին, իսկ դրա փոխարեն պատրաստ է եղել ճանաչել Ռուսաստանի հսկողությունը Ղրիմի նկատմամբ և խոստացել է թույլ չտալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ։









































