Ալկոհոլի ազդեցության տակ բազմիցս հանցագործություններ կատարած Լոնդոնի բնակիչների ոտքերին հատուկ էլեկտրոնային «թևնոց» կհագցնեն՝ հաղորդում է Sky News-ը:
«Սթափության պիտակը» մարդկանց ստիպում է զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից մինչև 4 ամիս: Սարքավորումը ամեն կես ժամը մեկ տեղեկություններ է հավաքելու մարմնի ջերմաստիճանի և քրտնարտադրության վերաբերյալ, տեղեկանալով՝ մարդը ալկոհոլ օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Այն դեպքում, երբ մարդ խախտի արգելքը, կկանգնի դատարանի առաջ:
Այս մեթոդը կկիրառվի միայն 100-150 իրավախախտների նկատմամբ: Սպասվում է, որ դա կօգնի նվազեցնել հանցագործությունների մակարդակը: Նման հանցագործությունների հասցրած վնասի չափը կազմում է 8-13 մլրդ ֆունտ ստերլինգ:
Նման «թևկապները» լայնորեն օգտագործվում են ԱՄՆ-ում: Օրինակ՝ դերասանուհի Լինդսի Լոհանը, որը հայտնի է ալկոհոլի հանդեպ թուլությամբ, դատարանի որոշմամբ ստիպված է նման «թևկապ» կրել ոտքին:









































