«Առավոտն» այն եզակի աղբյուրներից մեկն է, որը ներկայացնում է լրատվությունը տեսակետից զատ, ինքը ունի իր տեսակետը խմբագրականով, բայց բազմաղբյուր և առարկայական ներկայացնում է լրատվությունը, և դա իսկապես արժեք է մեզ մոտ: Հանրության մեջ և նաև քաղաքական գործիչների մեջ դեռ չի արժևորվում այդ ամենը, չեմ էլ մեղադրում, քանի որ ոչ բոլորն են «Առավոտի» նման պահում բարձր, արհեստավարժ լրատվությունը, բայց ես կարծում եմ՝ չորրորդ իշխանությունը անհրաժեշտ է: Ամերիկյան ժողովրդավարության հիմնահայրերից մեկն ասաց, որ եթե դու պիտի ընտրես լավ կառավարության և ազատ մամուլի միջև, հանուն քո երկրի անկախության՝ պետք է ընտրես մամուլը»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Առավոտին» շնորհավորելու եկած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ «Առավոտը» մի չափանիշ է, որը պետք է շարունակվի, և մենք պետք է դուրս գանք քաղաքականացված, պատվիրված, կուսակցականացված լրատվությունից:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` ամեն ոլորտ ունի իր աստղը. նաև լրագրությունը, բայց ունենք նաև մոլախոտ, հոռի բարքեր, որ պետք է հաղթահարենք: «Ամենակարևորն այն է՝ ի՞նչ անել, որ ամեն մեկը իր աստղային հատկությունը պահելով հանդերձ՝ մասնակցի համաստեղության»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ավելին՝ տեսանյութում:









































