Հալեպի Թելեֆոն Հաուայե թաղամասում պատահական գնդակից զոհվել է հայ կին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը Մարիեթ Տոշողլանյան-Պաճեքյանն է: Անդրադառնալով Հալեպում տիրող իրավիճակին` Ռեյիսյանը նշել է, որ քաղաքի կենտրոնական թաղամասերում համեմատաբար հանդարտ է, կրակոցների և պայթյունների ձայներ լսվում են ծայրամասերում: Նոր գյուղ հայկական թաղամասում ևս վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակն ավելի հանգիստ է, սակայն ռմբակոծությունները շարունակվում են թաղամասին մոտ գտնվող Բուսթան Բաշայում: Ռեյսիյանի խոսքով` դիպուկահարի վտանգը դեռևս առկա է և ամեն վայրկյան կարելի է անակնկալներ սպասել: Բախումները շարունակվում են նաև Հալեպի օդանավակայանի ճանապարհին:
Մամուլի քարտուղարը նաև ավելացրել է, որ Հալեպում էլեկտրականության ընդհատումները հաճախակի են դարձել: Արդեն հայտնի է նաև, որ Սիրիայում համացանցը և հեռախոսակապը վերականգնվել են: Ռեյիսյանը նաև տեղեկացրել է, որ բնակիչների ապրելակերպի դժվարությունները և հոգսերն ավելի ակնհայտ են դարձել, օրվա կաիրքներն ավելի դժվարությամբ են հոգում:
Սիրիայում ավելի քան 20 ամիս շարունակվող բախումների հետևանքով մոտ 40 հազար մարդ է զոհվել, այդ թվում` 4 տասնյակից ավելի հայեր: Մոտ յոթ տասնյակ հայեր են վիրավորվել: Հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչներ առևանգվել են. նրանցից որոշները դեռևս գերության մեջ են:







































