ՄԱԿ-ի կողմից հրապարակված «Մարդկային զարգացման ցուցիչ-2014»-ում Հայաստանը 187 երկրների շարքում զբաղեցրել է 87-րդ տեղը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացան ծրագրի կայքում զետեղված հրապարակման մեջ: Անցած տարի հրապարակված զեկույցում Հայաստանը եղել է կրկին նույն տեղում:
Նշվում է, որ ցուցչի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել երկրում կյանքի միջին տևողությունը, կրթության մակարդակը, առողջապահության վիճակը, կրթություն ստանալու հնարավորությունը, համախառն ազգային եկամտի ծավալը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և այլն:
Համաձայն զեկույցի տվյալների՝ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74.6 տարի է, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ազգային համախառն եկամտնի ծավալը՝ 7.952 դոլար:
«Մարդկային զարգացման ցուցիչ-2014»-ում Թուրքիան զբաղեցնում է 69-րդ, Իրանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 76-րդ, իսկ Վրաստանը՝ 79-րդ տեղը:
Համաձայն զեկույցի՝ առաջին հնգյակում են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Նիդերլանդներն ու ԱՄՆ-ը:
Վարկանշային աղյուսակը եզրափակում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Նիգերը:








































