Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը կարող է բախվել ոլորտային պատժամիջոցների, եթե Մոսկվան խոչընդոտի Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման վայրին հասանելիությանը և նպաստի Ուկրաինայում ռազմական հակամարտություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք պետք է արդյունաբերական պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք»,- ասել է նա լրագրողներին: Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
«Ռուսաստանը պետք է իմանա, որ պատժամիջոցներ կհետևեն, եթե արմատական փոփոխություններ չլինեն»,- ասել է Քեմերոնը:
«Ես Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել եմ հետագա քայլերը, այդ թվում՝ երկակի նշանակության ապրանքների արտադրության ոլորտում, որոնք կարող են օգտագործվել պաշտպանական արդյունաբերության մեջ»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանն «ամեն անհրաժեշտ բան կանի մալայզիական ինքնաթիռի աղետի վայրին հասանելիություն ստանալու և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար»:









































