Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների հայտարարությունից հետո ամերիկացիները սկսել են առավել, քան երբևէ ակտիվորեն գնել Կալաշնիկով ինքնաձիգ, քանի որ մտավախություն ունեն, որ այդ զենքը շուտով կարող է դեֆիցիտ դառնալ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ վերջին պատժամիջոցների հետևանքով արգելվել է ԱՄՆ ներկրել «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանքը, որը ռուսական պետական «Ռոստեխ» կորպորացիայի կազմում է: Միաժամանակ, ԱՄՆ-ում գտնվող զենքի վաճառքն ու օգտագործումը թույլատրված է՝ ինչպես նախկինում:
«Մենք իրացնում ենք «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանքը, և այն շատ արագ է սպառվում»,- ասել է K-Var Corp. զենքի խանութների ցանցի ներկայացուցիչ Ռոբերտ Քելլերը: Նրա խոսքով՝ ավելացել են նաև Կալաշնիկով ինքնաձիգին նման զենքի վաճառքի ծավալները:
Ռուսական ինքնաձիգն ու դրա տարբեր մոդիֆիկացիաները համարվում են ամենատարածված հրաձգային զենքն աշխարհում: Վերջին 60 տարում աշխարհում թողարկվել է մոտ 70 մլն միավոր ինքնաձիգ:









































