«Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովին արդարացնելուց հետո Բաքու գնալու և ասամբլեային մասնակցելու իմ որոշումը բացասական էր: Որոշեցի չմասնակցել և նամակով դիմեցի, թե ինչու չմասնակցել: Քարտուղարությունը կապ հաստատեց և ասաց, որ ես կարող եմ հավասար ելույթով հանդես գալ, որից հետո ես վերանայեցի իմ որոշումը և մտածեցի, որ ավելի ճիշտ է Հայաստանը թեկուզ իր մեկ ներկայացուցչով մասնակցի և 25 երկրների մասնակցությամբ ասամբլեային մեր տեսակետը բարձրացնի»,- անդրադառնալով իր Բաքու գնալուն՝ «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ իր ընտանիքը մտահոգ էր, քանի որ ամեն օր չէ, որ հայաստանցի է գնում Բաքու: «Ես գնացի, որովհետև, որպես սովորական հայ մարդ, և ասացի մեր դիրքորոշումը: Հայոց պետությունը, լինի իշխանություն և ընդդիմություն, մենք պետք է մեր արտաքին քաղաքականությունը այս ծույլ վիճակից դուրս բերենք: Մեր ներկայությունը ավելի շահեկան էր, քան բացակայությունը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայաստանի ներկայությունը շատ բան փոխեց. հռչակագիրը չընդունվեց, այլ պարզապես ընթերցվեց: Բացի այդ, նախնական հռչակագրում չկար Հայաստանի կամ Ղարաբաղի մասին դրույթ, վերջին պահին էին ավելացրել: «Ես կողմ չեմ, թե դա ընդունվել է: Շատ հեշտ է Երևանում գրասենյակում նստել, ասուլիս տալ, ստուդիաներում խոսել, բայց պետք է Բաքվում, Անկարայում ներկա լինել: Այդ պատվիրակների մի մասը առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ: Ադրբեջանում հազար հոգով գործում են և մի բան ասում, Հայաստանում հազար մարդ հազար բան է ասում»,- ասել է Ր. Հովհաննիսյանը և նշել, որ Հայաստանը պետք չէ բացակա լինի որևէ միջազգային կառույցից և միջոցառումից:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին և նախագահական ընտրություններին՝ ասելով, որ ընդդիմադիր հանրությունը, որ ավելի շատ ընդդիմադիր է, քան իշխանամետ, պետք է միավորվի, արդար ըտրություններով ձևավորի իշխանություն, որն առաջիկա 5 տարիները կօգտագործի երկիրը խորհրդարանական և արդար կառավարման համակարգին տանելու համար:







































