«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգչուհի, «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մարզիչ Սոնան (Սոնա Սարգսյան):
– Սոնա, հասցրե՞լ եք «Հայաստանի ձայնը» համեմատել տարբեր երկրներում իրականացված The Voice նախագծի հետ:
– Չեմ համեմատել (եթե համեմատենք, հաստատ լիքը բան կգտնենք), բայց երբ հրավեր ստացա գալու և մասնակցելու «Հայաստանի ձայնը» նախագծին, ինձ շատ հետաքրքիր էր, նայեցի ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Անգլիայի The Voice-երը, նայեցի ոչ թե համեմատելու, այլ ուղղակի ուզում էի տեսնել՝ ինչ է իրենից ներկայացնում նախագիծը, և ինձ շատ դուր եկավ:
– «Հայաստանի ձայնից» ակնկալիքներն այսքա՞նն էին:
– Անցյալով պետք չէ խոսել, քանի որ մենք դեռ պրոցեսի մեջ ենք, ավարտին դեռ երկար ժամանակ կա: Ավելին ասեմ` սկսել ենք 12 թվականին, ավարտում ենք 13-ին: Ընդհանրապես, կլինի համերգ, մենահամերգ, թե CD ձայնագրություն, ինձ միշտ հետաքրքիր է եղել պրոցեսը, քանի որ երբ վերջանում է, գալիս է դատարկությունը: Էմոցիաները գնալով ավելի են շատանում, որովհետև նախագծի պայմանները և ձևաչափը ստիպումն են հոգեբանորեն տանջվել, արդեն արցունքներ էլ են եղել, չէի սպասում ինձնից, քանի որ սկզբից մտածում էի՝ շոու է, հո կյանքի վերջ չէ, եղել են նաև ուրախության արցունքներ: Էմոցիաները շատ տարբեր են, և ես ուրախ եմ, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը մեր երկիր կարողացավ այս մակարդակի նախագիծ բերել և իրականացնել: Տաղանդավորները շատ-շատ են, բայց նրանցից մեկը պետք է մնա: Պայքարն ընթանում է, շարժվում ենք առաջ, տաղանդները իրոք շատ են: Փաստորեն, ամեն ինչ դեռ կորած չէ:
– Ինչո՞ւ Ռուսաստան, ի՞նչ կա Ռուսաստանում` բացի փողից, չէ՞ որ Ձեր արվեստն արևմտյան է, Դուք արևմտյան մշակույթի կրող եք: Ռուսական պոպսայից չե՞ք հոգնել, չե՞ք զզվում:
– Ես չեմ կարող հոգնել, քանի որ պոպսա չեմ երգում: Մոսկվա քաղաքը մեգապոլիս է, որտեղ ռուսն է արդեն քիչ, ամբողջ Կովկասն այնտեղ է: Երբ մետրո ես նստում (լինում է այնպես, որ համերգից ուշանալիս մետրո ենք նստում, իջնում make up-ով), տեսնում ես մի վագոնում ութը սև և մեկ ռուս, էլ չեն կարողանում ասել՝ գնա քո Կովկասը: Հիմա, հավատացեք, ավելի հեշտ է: Բացի այդ, ինչպես ասացի, Մոսկվան մեգապոլիս է, այնտեղ են գալիս ամբողջ աշխարհից, անգամ Եվրոպայից, որովհետև Մոսկվայում ավելի մեծ հնարավորություն կա, որ քեզ ավելի տարբեր ազգեր կտեսնեն:
Եվ մի փոքր գաղտնիք կա. երբ ես 17 տարեկանում գնացի Ռուսաստան, իմացա, որ մաման ու պապան իրենց մեղրամիսն անցկացրել են այնտեղ, և մայրս խոստովանեց, որ իմ «պրոյեկտն» այնտեղ է սկսվել:
– Ամբողջ խորհրդային նախկին երկրների համար Ռուսաստանը շարունակում է մնալ ամենացանկալի կենտրոնը: Ռուսաստանը մշակութային ներուժ, ռեսուրս ունի՞:
– Այո՛, ունի այդ ռեսուրսը, տարբեր մակարդակի և տարբեր ոճերի երաժշտություն կա լսելու, և դու հնարավորություն ունես ընտրելու: Հեռուստատեսության արկղով չենք չափում, քանի որ դու կարող ես ընդհանրապես չերևալ հեռուստատեսությամբ, բայց ամիսը քսան համերգ ունենաս, ու լինի անշլագ: Սերգեյ Պենկինը, որը չկա, վերջին 25 տարին նա ընդհանրապես եթերում չկա, բայց ինքը միշտ համերգ ունի, ամսվա մեջ քսան հատ: Հեռուստատեսությունը թույլ չի տալիս արվեստ ցույց տալ, նույն դեմքերն են, այդ մարդիկ ամբողջը չեն, որ դա նայում ես, լսում, այսինքն՝ կա ընտրություն, խաղատները վերացրեցին, և խաղատների ակումբները դարձան երաժշտական ակումբներ: Մի կողմից լավ էր, որ փակվեցին խաղատները, քանի որ և՛ ընտանիքներ չքանդվեցին, և՛ նաև շատ խմբեր կարողացան արվեստի գործ ցույց տալ, որոնք հեռուստատեսությամբ հնարավորություն չունեն երևալու, քանի որ կոմերցիոն չեն:
Պետք է սիրես, սեր ներդնես, որ ամեն ինչ լավ լինի, նամանավանդ մարդկանց… մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ մարդկությունը առաջնային պետք է լինի, սա է կարևորը, որովհետև եթե շատ լավ երգում ես, բայց մարդկության հետ կապ չունես, դու չես կարող գլոբալ մարդ լինես, և գլոբալ արդյունքների հասնես, լոկալ էլ կմնաս…
– Ի՞նչ է Հայաստանը Ձեզ համար:
– Մարդու պորտը որտեղ կտրում են, ինքը կապ ունի այդ տեղի հետ, իմ նախնիներն էլ այստեղից են, ես հոգևոր կապ ունեմ Հայաստանի հետ, ես Երևանից եմ, կենտրոնից, մինչև 17 տարեկան ապրել եմ այստեղ, Հայաստանը տարածքային առումով ավելի փոքր է դարձել:
– Ի՞նչ խնդիրներ կային, որ կուզեք լուծված լինեն:
– Կուզեի մարդիկ ավելի շատ հարգեն, սիրեն իրար: Բայց ես տեսնում եմ, որ մեր երիտասարդությունը պոտենցիալ ունի, սերունդը փոխվել է, անգլերեն են խոսում, հեռանկարներ ունի, համաշխարհային զարգացումներից հետ չի մնում:
– Հնարավո՞ր է արտագաղթելը դրանով եք պայմանավորում:
– Բայց գալիս էլ են չէ՞, ես էլ եմ եկել (ծիծաղում է), հիմա շատ են հարց տալիս՝ կարո՞ղ է, Սոն, մնաս, բայց ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես այստեղ չեմ, հոգիս այստեղ է, թևածում է, պտտվում, գալիս նայում, տեսնում է: Ես ինձ միգրանտ չեմ համարում, ինձ համար միգրանտ էր համարվում Ամերիկա գնացողը, ես երկուսուկես ժամում հասնում եմ Հայաստան: Մենք Սովետական Միություն ենք եղել, ես չեմ գնացել Ճապոնիայում ապրելու, ես կապված եմ, ես շփվում եմ, ունեմ այստեղ կոլեգաներ, ընկերներ:
Երևան հաճախ եմ գալու, այդ պրոյեկտը երկար է տևում, բայց ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Ֆրանսիա չեմ կարող ապրել, թեև պետք է գնաս-գաս, որ աչքդ տեսնի, պետք է ճաշակ զարգանա, Իտալիայում ամեն երրորդ իտալիացին ծնվում է դիզայներ, ինչպե՞ս չգնաս չտեսնես նրանց գույները, տեսականին:
– Ինչ կա, որ կուզեիք փոխել: Ի՞նչ չեք հասցրել իրականացնել և հենց դրա համար եք պայքարում:
– Կուզեի հետ տայինք «սկավառակը», նորից ապրեի, չմեծանայի, տարիքով ես ինձ մեծ չեմ զգում, չկա տենց խնդիր, դա մի քիչ վախենալու է, որովհետև ես իրոք չեմ զգում իմ տարիքը, ու կուզենայի ապրել… էլի՜ ապրել, կուզեի իմանալ 3000 թվին ինչ է լինելու: Մնացած ոչինչ հետ չէի ուզի տալ, որովհետև ես միշտ ձգտում եմ առաջ:







































