Երիտասարդ լրագրողների, մանկավարժների, սպորտսմենների և բժիշկների համար պետությունը սկսել է նոր բնակարանաշինական ծրագիր: «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն ասել է, որ նախատեսված 410 բնակարանի համար ներկայացվել է 720 դիմում: «Ըստ էության, ծանր ընտրության առաջ եք կանգնած, որովհետև առաջարկի և պահանջարկի նման անհամապատասխանություն երբեք չենք ունեցել»,- ասել է փոխնախարարն ու հավելել, որ բնակարաները կհատկացնեն իրենց պահանջներին ճիշտ համապատասխանողներին: Մասնավորապես, տարիքային ցենզը մինչև 35-ն է, ուսումնասիրելու են նաև բնակարանի կարիք ունենալու աստիճանը: Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքն ապրում է ծնողների հետ և նրանցից յուրաքանչյուրի համար նշված չափով տարածք չկա, ապա կօգտվեն ծրագրից: Յուրաքանչյուր շնչի համար ընդունելի չափը 11 ք/մ-ն է:
«Այժմ հողի ձևակերպումներ են ընթանում, նաև ճարտարապետաշինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն ամսվա վերջին: Տարածքն Ավան համայնքում է՝ 55/8 հասցեին հարող տարածքում, որին կից ընթացիկ շինարարության տարածքն է»,- ասել է Արսեն Քարամյանը: Նշված 410 բնակարանների համար հարկավոր է կառուցել 7 բնակելի շենք:
Փոխնախարարն անդրադարձել է նաև երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու համար էժան վարկեր տրամադրելու հարցին: Մինչ օրս տրամադրվել է 978 վարկ՝ 7 միլիարդ 320 միլիոն դրամ ծավալով: Եկող տարի ևս 3 միլիարդ դրամ է նախատեսված, իսկ 2014-ին կարող է գումարն ավելանալ մինչև 1 միլիարդ դրամով: Փոխնախարարը նշել է, որ երիտասարդ ընտանիքներն, օգտվելով վարկերից, հիմնականում ցանկանում են Երևանում բնակարան ձեռք բերել: Ուստի որոշվել է մարզերում ցանկություն հայտնելու դեպքում 4 տոկոսով վարկն իջեցնել: Սա տվել է իր արդյունքը: Այժմ տոկոսային հարաբերակցությունը 55/45 է՝ հօգուտ Երևան տեղափոխվել ցանկացողների:








































