Ria Novosti-ի փոխանցմամբ` նոյեմբերի 30-ին իրանական ռազմանավերը կմտնեն Կարմիր ծովի ափին ընկած Պորտ-Սուդան նավահանգիստ և այնտեղ կմնան երեք օր: Ռազմանավերը մեկ օր շարունակ բաց կլինեն այցելության համար:
Սուդանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սավարմի Հալեդ Սաադը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա օրերին Պակիստանի և Իրանի ռազմանավերը ժամանելու են Պորտ-Սուդան նավահանգիստ:
Սաադի խոսքերով՝ նախ նոյեմբերի 29-ին Սուդանի ռազմածովային ուժերը կընդունեն Պակիստանի ռազմանավին, որը Պորտ-Սուդան նավահանգստում կմնա 2 օր, ապա տվյալ նավահանգիստ կմտնեն իրանական երկու ռազմանավեր, որոնք էլ իրենց հերթին այնտեղ կմնան 3 օր:
Սաադն ընդգծել է, որ Կարմիր ծովի ափին ընկած սուդանյան նավահանգիստ այլ երկրների ռազմանավերի ժամանումն իրականացվում է այլ երկրների ռազմածովային ուժերի հետ Սուդանի ռազմածովային համագործակցության շրջանակներում:
Մեկ ամիս առաջ իրանական ռազմանավերն արդեն իսկ գտնվել են Պորտ-Սուդան նավահանգստում: Դա տեղի էր ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Խարթումի «Յարմուկ» զինագործարանում հրդեհ էր բռնկվել, որը, ըստ Սուդանի իշխանությունների, առաջացել էր իսրայելական ինքնաթիռների հասցրած հարվածի հետևանքով:







































