Օրեր առաջ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում վիրահատությունից հետո առաջացած բարդություններից մահացած ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան և հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու Հայաստանում: Սակայն թե երբ սիրված երգչուհու դին կտեղափոխվի Հայաստան, և երբ տեղի կունենա նրա հոգեհանգստյան և հուղարկավորության կարգը` հայտնի չէ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը բավականին լուրջ պատճառներ ունի: Ըստ մեր աղբյուրի՝ Գլենդելի «Մեմորիալ» հիվանդանոցում, որտեղ լեղապարկի վիրահատության է ենթարկվել Ֆլորա Մարտիրոսյանը, մեծ մասամբ հայ բժիշկներ են աշխատում, ուստի տեղի իրավապահները կասկածներ ունեն, որ նույն հիվանդանոցում տրված դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են անաչառ չլինել:
Այսպիսով, հաշվի առնելով Ֆլորա Մարտիրոսյանի հանրահայտ լինելը և դեպքի հասարակական մեծ հնչեղությունը` իրավապահ մարմինների աշխատակիցները գործին շուտափույթ լուծում են ցանկանում տալ. որոշվել է ՀՀ ժողովրդական արտիստուհու դին տեղափոխել ամերիկյան մեկ այլ հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության համար: Սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները նույնիսկ չգիտեն, թե որ հիվանդանոց է տեղափոխվել երգչուհու դին, և երբ կավարտվի դատաբժշկական փորձաքննությունը:
Միայն իրավապահների աշխատանքն ավարտելուց և դիակը հարազատներին հանձնելուց հետո Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, իսկ թաղումը՝ Հայաստանում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վատառողջ է սիրված երգչուհու ամուսինը՝ Հրահատ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Հայտնի է միայն, որ սիրված երգչուհին նոյեմբերի երկրորդ տասնօրյակի սկզբին լեղապարկի վիրահատության էր ենթարկվել: Նա ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որ վիրահատվել է, և այդ պատճառով իր առաջիկա համերգը հետաձգվել է:








































