Մեծ Բրիտանիայի ֆինանսական վերահսկողության ծառայությունը (FSA) UBS բանկին տուգանել է 47.6 մլն դոլարով՝ համակարգում ունեցած թերությունների պատճառով: Ինչպես հաղորդում է BBC-ն, թրեյդեր Կվեկ Ադոբոլին խարդախ ճանապարհով իրականացրել է կասկածելի գործարքներ, որոնց պատճառով բանկը ավելի քան 2 միլիարդ դոլար է կորցրել:
FSA-ի տվյալներով՝ շվեյցարական բանկում հայտնաբերվել են մտահոգություն առաջացնող թույլ կողմեր:
Անցած շաբաթ Ադոբոլին մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրական 7 կետից 2-ով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Համաձայն այդ կետերի` նա չարաշահել է իր դիրքը՝ UBS-ին պատճառելով 2.3 մլդ դոլարի կորուստ, և մտադիր է եղել անձնական շահ ստանալ:
Հոկտեմբերի վերջին թրեյդերը ճանաչել էր մեղքը և խոստովանել, որ առևտրային գործարքների հանդեպ «վերահսկողությունը կորցրել էր» դեռևս 2011-ի հուլիսից: Նա նշել էր, որ անազնիվ չի գործել, պարզապես արձագանքել է իր ղեկավարության կողմից ճնշմանը:
Ադոբոլին UBS-ի լոնդոնյան մասնաճյուղում աշխատել է 5 տարի, ձերբակալվել 2011-ի սեպտեմբերին:










































