1904թ. այս օրը Թիֆլիսում ծնվեց դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1972) Արուս Ասրյանը:
1918թ. դեբյուտ է ունեցել Անուշի դերում (Արմեն Տիգրանյանի «Անուշ») Թիֆլիսի օտերետայի թատրոնում։ 1922թ., երբ դերասանուհին Օլգա Մայսուրյանը դերասաններ էր ընտրում Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար, Ասրյանը գերազանց քննություններ է հանձնում, բայց հրաժարվում է մեկնել ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով։ 1929թ. դերասանուհին հրավիրվում է նորաստեղծ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Մի նոր շրջան է սկսվում Արուսի բեմական կյանքում, որը տևում է մեկ տասնամյակից ավելի։
1940թ. Արուս Ասրյանը հրավիրվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Այստեղ տաղանդավոր դերասանուհին ստեղծում է լավագույն կերպարներ, որոնց մեջ փայլում են հատկապես մայրերի և մամիկների կերպարները։ Մարգարետ («Բրոուդիի ամրոցը»), Հեղինե, («Գարնան անձրև»), Մարե («Հանրապետության նախագահ»), Նուբար («Աշխարհն, այո’, շուռ է եկել»), Անուշ («Բաղդասար Աղբար») և վերջապես տատիկը` Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում։ Այս փոքրիկ դերում «Կռունկ» երգի կատարումով Ասրյանը այնքան տրամադրություն է դնում օտար ափերում տառապած ավանդական հայ կնոջ կերպարում, որ այն դառնում է պիեսում հիմնական կերպարներից մեկը։
Ասրյանի բեղմնավոր գործունեությունը պատկանում է հայ բեմին (մոտ 250 դեր)։ Սակայն դերասանուհին հմայիչ կերպարներ է ստեղծել նաև կինոյում։ Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար Ա.Ասրյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով:
Մահացել է 1987 թվականին:








































